Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի ժամկետ՝ Մարտի 14
Նպատակը՝ ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործական ուղղուն
4-րդ դասարան
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
Առաջադրանքներ․
- Բանաստեղծությունից դուրս գրիր 6 գոյական։
- Բանաստեղծությունից դուրս գրիր 2 ածանցավոր բառ, ցույց տուր արմատը և ածանցը, ածանցներով կազմիր նոր բառեր։
- Գրեք՝ ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
- Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։
2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։
3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։
4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Առաջադրանքներ․
1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։
2․Գրել, թե որ հոլովին են պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։
3․Դուրդ գրիր 7 գոյական։
4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։
5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։
5-րդ դասարան
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ․
1․Բանաստեղծությունից դուրդ գրեք 8 ածական, 12 գոյական։
2․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞ր տրամադրությունն է գերակշռում։ Պատասխանդ հիմնավորիր։
3․Բանաստեղծությունը սովորիր անգիր, ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։
6-րդ դասարան
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ առօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…
Առաջադրանքներ․
1․Բառարանով գտել կարմիրով ընդգծված բառերի բացատրությունը և սովորել:
2․Բանաստեղծությունից դուրս գրել 10 գոյական, 8 ածական։
2․Կարդացեք բանաստեղծությունը և ընտրեք նոր վերնագիր։
3․Բանաստեղծությունից դուրս գրել ճամփաներ, հովիտներ, երանգներ, հոգի, երազ, աղբյուրներ, բառերի հատկանիշ ցույց տվող բառերը և գրե՛լ ուղիղ իմաստով է գործածվել, թե փոխաբերական:
4․Գրեք՝ ինչ ձայներ և գույներ եք լսում և տեսնում բանաստեղծությունը ընթերցելիս։