Մայիսի 12
27, 28, 29

Մայիսի 2
Ուսումնասիրել «Կեղտոտ ռեալիզմ» գրական ուղղությունը, կարդալ Չարլզ Բուկովսկու ստեղծագործությունները, գրել կարծիք։
Ապրիլի 26
Ապրիլի 21
Քննարկիր մտքերը.
- Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
- Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
- Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
- Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
- Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
- Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
- Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
- Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
- Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
- Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
- Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
- Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
- Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
- Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
- Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
- Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
- Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
- Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
- Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:
Ապրիլ 14
Վիսլավա Շիմբորսկա | Կատուն դատարկ բնակարանում
Կարդալ, վերլուծել։
Ապրիլի 7
Ուսումնասիրել Ֆեդերիկո Գորսիա Լորկայի կենսագրությունը, պոեզիան, գրել կարծիք։
Ապրիլի 5
Ապրիլի 1
Կարդալ Չարենցի «Տաղարան շարքը», ներկայացնել շարքի կառուցվածքը, թեմաները, բովանդակությունը, ոճը, լեզուն։
Մարտի 29
1․ Գրականագիտական բառարանից դուրս գրել 5 տերմին, սովորել։
2․ Ընտրել որևէ տերմինին համապատասխան ստեղծագործություն, տեղադրել բլոգում, վերլուծել։
Մարտի 18
Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան: Հանճարեղ բանաստեղծի կյանքի այն ժամանակահատվածը, որ երբեք հայ կինոյում չի ներկայացվել: Բանաստեղծի մահվանից 75 տարի անց՝ չարենցյան ողբերգության հեռուստատեսային տարբերակը։
«Մահվան տեսիլ» բանաստեղծություն
Դիտել, կարդալ, գրել կարծիք։
Մարտի 15
Կարդալ «Պատմության քառուղիներով» պոեմը, վերլուծել, մի հատված ձայնագրել։
Մարտի 7
Կարդալ, վերլուծել «Փոքրիկ դրախտ» պատմվածքը։
Փետրվարի 18
Կարդալ Հովհաննես Երանյան | Բրուտի երկրորդ աշակերտը, վերլուծել։
Կարդալ, վերլուծել, գրել գրախոսություն։
Կարդալ, վերլուծել։
Ֆյոդոր Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»
ՏՂԱՆ ԹԱԹԻԿՈՎ
Երեխաները տարօրինակ ժողովուրդ են, նրանք երազին են գալիս և աչքին են երևում: Նախքան տոնածառը և բուն տոնածառին՝ նախքան Սուրբ Ծնունդը, ես անընդհատ հանդիպում էի փողոցում՝ հայտնի անկյունում, մի մանչուկի՝ ոչ ավել, քան յոթ տարեկան: Սարսափելի ցրտին նա հագնված էր գրեթե ամառային, բայց նրա վիզը փաթաթված էր ինչ-որ հնոտիով, – նշանակում է՝ այդուամենայնիվ նրան ինչ-որ մեկն առաքելիս հանդերձավորում էր: Նա քայլում էր «թաթիկով». սա տեխնիկական եզր է, նշանակում է ողորմություն խնդրել:
Եզրը հորինել են իրենք՝ այդ մանչուկները: Նրա նմանները բազմաթիվ են, նրանք պտտվում են ձեր ճամփեքին և ողբում են ինչ-որ սերտած բաներ. բայց այս մեկը չէր ողբում և խոսում էր մի տեսակ անմեղ ու անսովոր և դյուրահավատորեն նայում էր աչքերիս մեջ, հետևաբար նոր էր սկսել մասնագիտությունը: Իմ հարցուփորձին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ քույր ունի՝ առանց աշխատանքի, հիվանդ: Հնարավոր է և ճիշտ է, միայն թե իմացա հետո, որ այդ մանչուկներն անթիվ-անհամար են. նրանց ուղարկում են «թաթիկով» թեկուզ ամենասարսափելի ցրտին, և եթե ոչինչ չհավաքեն, ապա հավանաբար նրանց քոթակ է սպասվում:
Մանրադրամներ հավաքելով՝ մանչուկը կարմրած, փայտացած ձեռքերով վերադառնում է ինչ-որ նկուղ, որտեղ հարբեցողություն է անում հնավաճառների ինչ-որ հրոսախումբ, նրանցից, որոնք, «գործարանում գործադուլ անելով շաբաթ լույս կիրակի, կրկին աշխատանքի են վերադառնում ոչ վաղ, քան չորեքշաբթի երեկոյան»: Այնտեղ՝ նկուղներում, նրանց հետ հարբեցողության են տրվում և նրանց սոված ու ծեծված կանայք, այնտեղ էլ ղժղժում են նրանց սոված կրծկեր երեխաները: Օղի, և կեղտ, և ապականություն, իսկ կարևորը՝ օղի: Հավաքված մանրադրամներով մանչուկին անմիջապես ուղարկում են գինետուն, և նա էլի է գինի բերում:
Զվարճանքի համար երբեմն նրա բերանն էլ կլցնեն կես շիշ օղի և կհռհռան, երբ նա կիսաշնչահեղձ կընկնի հատակին՝ գրեթե ուշաթափ,
… և իմ բերանն օղին կեղտոտ
Լցնում էր անխղճորեն …
Երբ նա մեծանում է, նրան իսկույնևեթ ինչ-որ գործարանի են վաճառում, բայց այն ամենը, ինչ նա կաշխատի, նա կրկին պարտավոր է բերել հնավաճառներին, իսկ վերջիններս կրկին կխմեն: Բայց արդեն մինչ գործարանն էլ այդ երեխաները դառնում են կատարյալ հանցագործներ:
Նրանք թափառում են քաղաքով մեկ և գիտեն այնպիսի տեղեր զանազան նկուղներում, որտեղ կարելի է սողոսկել և որտեղ կարելի է գիշերել աննկատ: Նրանցից մեկը մի քանի գիշեր շարունակ գիշերում էր ինչ-որ դռնապանի կողքին ինչ-որ զամբյուղի մեջ, և վերջինս նրան այդպես էլ չէր նկատում: Անշուշտ, փոքրիկ գողեր են դառնում: Գողությունը կիրք է դառնում նույնիսկ ութնամյա երեխաների համար՝ երբեմն նույնիսկ առանց արարքի հանցավորության որևէ գիտակցման: Վերջին հաշվով տանում են ամեն ինչ՝ քաղց, ցուրտ, ծեծ, միայն հանուն մի բանի՝ հանուն ազատության, և փախչում են իրենց հնավաճառներից՝ արդեն ինքուրույն թափառելու:
Այս վայրի էակը երբեմն չի հասկանում ոչինչ՝ որտեղ է ապրում, ինչ ազգության է պատկանում, կա արդյոք աստված, կա արդյոք տիրակալ. անգամ այնպիսի բաներ են նրանց մասին պատմում, որ անհավանական է լսել, և, սակայն, ամենը փաստեր են:
II
ՏՂԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՆԴԵՍԻՆ
Բայց ես վիպասան եմ և, թվում է, մի «պատմություն» ինքս եմ հորինել: Ինչո՞ւ եմ գրում «թվում է», չէ՞ որ ես ինքս գիտեմ հաստատապես, որ հորինել եմ, բայց ինձ շարունակ թվում է, որ սա ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ պատահել է, հենց սա է պատահել ճիշտ ծննդյան տոների նախօրեին, ինչ-որ վիթխարի քաղաքում և զարհուրելի սառնամանիքի ժամանակ:
Թվում է ինձ՝ նկուղում մի տղա կար, բայց դեռ շատ փոքրիկ՝ վեց տարեկան կամ ավելի փոքր: Այդ տղան արթնացավ առավոտյան խոնավ և ցուրտ նկուղում: Ինչ-որ խալաթիկ էր հագին, և դողում էր: Դուրս էր թռչում նրա շունչը սպիտակ գոլորշու տեսքով, և նա, անկյունում՝ սնդուկին նստած, ձանձրույթից դիտմամբ բերանից բաց էր թողնում այդ գոլորշին և զվարճանում՝ տեսնելով, թե ինչպես է այն դուրս թռչում: Բայց նա շատ էր ուզում ուտել: Առավոտից նա մի քանի անգամ մոտեցել էր թախտին, որտեղ նրբաբլիթի պես բարակ փռոցի վրա և ինչ-որ կապոց գլխի տակ՝ բարձի փոխարեն, պառկած էր հիվանդ մայրը: Ինչպե՞ս էր նա այստեղ հայտնվել: Պետք է որ նա իր մանչուկի հետ ուրիշ քաղաքից եկած և հանկարծ հիվանդացած լիներ: Անկյունների տիրուհուն դեռ երկու օր առաջ էին ոստիկանություն տարել. տնվորները ցիրուցան էին եղել, տօն օրեր էին, իսկ միայնակ մնացած հնավաճառն արդեն օրերով հարբած ընկած էր հատակին՝ մինչև տոնն էլ չհամբերելով: Սենյակի մյուս անկյունում հոդացավից տնքում էր ութսունամյա մի պառավիկ, որը ինչ-որ ժամանակ և ինչ-որ տեղ դայակ էր եղել, իսկ այժմ մեռնում էր միայնակ, ախուվախ անելով, փնթփնթալով և մռթմռթալով տղայի վրա, այնպես որ նա արդեն վախենում էր նրա անկյունին մոտենալ: Խմելու բան նա ինչ-որ տեղից ճարեց, բայց հացի չոր կտորներ ոչ մի տեղից չգտավ և արդեն տասներորդ անգամ մոտեցավ մորն արթնացնելու: Ի վերջո նրա համար մթության մեջ մնալը սահմռկելի դարձավ. վաղուց արդեն սկսվել էր երեկոն, բայց ճրագ դեռ չէին վառում: Շոշափելով մոր դեմքը՝ նա զարմացավ, որ մայրը բոլորովին չի շարժվում և այնպես է սառել, ինչպես պատը:
«Շատ է ցուրտ այստեղ», – մտածեց նա, կանգնեց մի քիչ՝ անգիտակցաբար մոռանալով իր ձեռքը հանգուցյալի ուսին, հետո փչեց իր մատիկներին, որ տաքացնի դրանք, և հանկարծ, խարխափելով թախտի վրայից վերցնելով իր գլխարկիկը, կամացուկ, շոշափելով դուրս եկավ նկուղից: Նա ավելի շուտ դուրս կգար, բայց շարունակ վախենում էր վերևում՝ աստիճանների վրայի մեծ շնից, որն ամբողջ օրը ոռնում էր հարևան դռների մոտ: Բայց շունն արդեն չկար, և նա հանկարծ դուրս եկավ փողոց:
Տեր Աստված, ի՜նչ քաղաք է: Դեռ երբեք նա այսպիսի բան չէր տեսել: Այնտեղ, որտեղից նա եկել էր, գիշերներն այնպիսի սև խավար է, ամբողջ փողոցի համար միայն մի լապտեր: Փայտյա ցածրիկ տնակները կողպվում են ծածկափեղկերով. փողոցում մթնելուն պես ոչ-ոք չկա, բոլորը փակվում են տներում, և միայն շների ամբողջ ոհմակներ են ոռնում, դրանցից հարյուրավոր և հազարավորները կաղկանձում և հաչում են ամբողջ գիշեր: Բայց դրա փոխարեն այնտեղ այնպե՜ս տաք էր, և նրան ուտելու բան էին տալիս, իսկ այստեղ, աստված իմ, եթե միայն ուտելի՜ք լիներ: Եվ այստեղ ի՜նչ թխկոց ու գոռոց, լույս ու մարդ, ձիեր ու կառքեր, և սառնամանաիք, սառնամանի՛ք: Սառցակալած գոլորշի է բարձրանում ուժասպառ ձիերից, նրանց տաք շնչող մռութներից. փխրուն ձյան միջով քարերի վրա զրնգում են պայտերը, և բոլորն այնպես են հրմշտում, և, աստված իմ, ինչքա՜ն է ուզում ուտել, թեկուզ մի կտոր ինչ-որ մի բան, և հանկարծ այնպես ցավեցին մատիկները: Մոտով անցավ կարգ ու կանոնի պահապանը և շրջվեց, որպեսզի չնկատի տղային:
Ահա և կրկին փողոց, – ա՜խ, ինչ լա՜յն է: Այ այստեղ այնպես կճզմեն երևի. ինչպես են նրանք բոլորը գոռում, վազում և ընթանում, բա լո՜ւյսը, լո՜ւյսը: Իսկ սա ի՞նչ է: Ինչ էլ մեծ ապակի է, իսկ ապակու հետևում սենյակ է, իսկ սենյակում մինչ առաստաղ հասնող ծառ է. դա տոնածառ է, իսկ տոնածառի վրա ինչքա՜ն կրակներ, ինչքա՜ն ոսկյա թղթեր ու խնձորներ, շուրջ բոլորն էլ տիկնիկներ են, փոքրիկ ձիուկներ: Իսկ սենյակով մեկ վազվզում են երեխաները՝ գեղեցիկ հագնված, մաքուր, ծիծաղում են և խաղում, և ուտում են ու խմում ինչ-որ բան: Ահա այս աղջիկը սկսեց տղայի հետ պարել, ի՜նչ սիրունիկ աղջիկ է: Ահա և երաժշտությունը. ապակու միջով լսվում է: Նայում է տղան, զարմանում է և անգամ ծիծաղում, իսկ նրա ոտիկների մատինկներն էլ են ցավում արդեն, իսկ ձեռքերինը բոլորովին կարմրատակել են, արդեն չեն ծալվում և ցավում են շարժելիս:
Եվ հանկարծ տղան հիշեց, որ ցավում են իր մատիկները, լաց եղավ և շարունակեց վազել, և ահա կրկին ուրիշ մի ապակու միջից տեսնում է մի սենյակ. այնտեղ կրկին ծառեր կան, բայց սեղաններին կարկանդակներ են, տեսակ-տեսակ՝ նուշով, կարմիր, դեղին, և նստած են այնտեղ չորս հարուստ խանումներ, իսկ ով որ գալիս է, նրանք նրան կարդանդակներ են տալիս, իսկ դռները բացվում են ամեն րոպե, փողոցից նրանց մոտ են մտնում շատ պարոններ: Գաղտագողի մոտեցավ տղան, հանկարծ բացեց դուռը ու մտավ: Օ՜հ, ինչպես գոռացին նրա վրա ու մատ թափ տվեցին: Մի խանում հապշտապ մոտեցավ և նրա ձեռքի մեջ մի գրոշ խցկեց և բաց արեց նրա առաջ փողոց տանող դուռը: Ինչպե՜ս վախեցավ: Իսկ գրոշն իսկույն գլորվեց ու զրնգաց աստիճաների վրա. չէր կարող նա իր կարմիր մատիկները ծալել և բռնել այն: Դուրս վազեց տղան և արագ-արագ հեռացավ, իսկ թե ուր, ինքն էլ չգիտեր: Կրկին ուզում է լաց լինել, բայց վախենում է և վազում է, վազում է և թաթիկներին է փչում: Եվ թախիծը պատում է նրան, քանի որ հանկարծ այնպե՜ս միայնակ զգաց իրեն և սահմռկելի, և հանկարծ, Աստվա՜ծ իմ, այս ի՞նչ բան է նորից: Կանգնած են մարդիկ խմբով և զարմացած նայում են. լուսամուտի մեջ՝ ապակու հետևում երեք տիկնիկներ են՝ փոքրիկ, կարմիր և կանաչ շորերով և կարծես բոլորովին-բոլորովին կենդանի: Ինչ-որ ծերուկ նստել և կարծես մի մեծ ջութակ է նվագում, երկու ուրիշներ կանգնած են նույն տեղում և փոքրիկ ջութակներն են նվագում և տակտին համապատասխան օրորում են գլուխները և նայում միմյանց, և շուրթերը նրանց շարժվում են, խոսում են, իսկապես խոսում են, միայն թե ապակու հետևից չի լսվում: Եվ տղան մտածեց սկզբում, որ դրանք կենդանի են, բայց հենց գլխի ընկավ, որ տիկնիկներ են, հանկարծ ծիծաղեց: Երբեք նա չէր տեսել այդպիսի տիկնիկներ և չգիտեր էլ, որ այդպիսիք կան: Լաց լինել էլ է ուզում, բայց տիկնիկներն այնպես ծիծաղելի-ծիծաղելի են: Հանկարծ նրան թվաց, որ թիկունքից ինչ-որ մեկը բռնեց խալաթիկից. մի մեծ, չար տղա էր կանգնած կողքին և հանկարծ նրա գլխին շրմփացրեց, խլեց գլխարկն ու ներքևից ոտքով խփեց նրան: Գետնին գլորվեց տղան, այդ պահին սկսեցին գոռգոռալ, նվաղեց տղան և վեր թռավ տեղից և վազեց ու վազեց: Ինքն էլ չիմանալով, թե ուր՝ հանկարծ վազեց ինչ-որ մեկի բակամուտքը՝ մի օտար բակ, և նստեց ցախերի հետևում. «Այստեղ չեն գտնի, համ էլ մութ է»:
Նստեց նա և կուչ եկավ, իսկ վախից չէր կարողանում շունչ առնել, և հանկարծ, բոլորովին հանկարծ այնպես լավ զգաց իրեն. թաթիկներն ու տոտիկները հանկարծ դադարեցին ցավել, և այնպես տաքացավ, այնպես տաքացավ, ինչպես վառարանի մոտ: Ահա նա ամբողջովին ցնցվեց. ախ, ախր քիչ էր մնում՝ քուն մտներ: Ի՜նչ լավ է այստեղ քուն մտնելը. «Կնստեմ այստեղ և նորից կգնամ տիկնիկներին տեսնելու, – մտածեց տղան և քմծիծաղ տվեց՝ հիշելով դրանց մասին, – բոլորովին կենդանի՜ կարծես…»: Եվ հանկարծ նրանց թվաց, որ իր վերևում մայրը սկսեց երգել: «Մայրիկ, ես քնած եմ, ա՜խ, ի՜նչ լավ է այստեղ քնելը»:
– Գնանք ինձ մոտ տոնածառի, տղա´, – հանկարծ նրա վերևում շշնջաց մի ձայն:
Քիչ էր մնում՝ մտածեր, որ էլի իր մայրն է, բայց ոչ, նա չէր. հապա այդ ո՞վ էր իրեն կանչում, ինքը չի տեսնում, բայց ինչ-որ մեկը կռացավ իր վրա և գրկեց իրեն մթության մեջ, իսկ ինքը պարզեց նրան ձեռքը և… և հանկարծ, օ՜, ի՜նչ լույս: Օ՜, ի՜նչ տոնածառ: Բայց տոնածառ էլ չէր դա, նա չէր էլ տեսել դեռ այդպիսի ծառեր: Այդ որտե՞ղ է նա այժմ. ամեն ինչ շողշողում է, ամեն ինչ փայլփլում է, և շուրջ բոլորն ամենուր տիկնիկներ են, բայց ոչ, դրանք բոլորը տղաներ ու աղջիկներ են, միայն թե այնպես լուսավոր, բոլորը պտտվում են նրա շուրջ, թռչում են, բոլորը նրան համբուրում են, առնում են նրան, տանում իրենց հետ, նա ինքն էլ թռչում է և տեսնում է նա. նայում է իրեն մայրը և ծիծաղում իր վրա խնդությամբ:
– Մայրի՛կ, մայրի՛կ: Ա՜խ, ի՜նչ լավ է այստեղ, մայրի՛կ, – ձայնում է նրան մանչուկը և կրկին համբուրվում է երեխաների հետ, և ուզում է շուտ պատմել նրանց ապակու հետևի այն տիկնիկների մասին: – Ովքե՞ր եք դուք, տղանե´ր: Ովքե՞ր եք դուք, աղջիկնե´ր – հարցնում է նա՝ ծիծաղելով և սիրելով նրանց:
– Սա «Քրիստոսի տոնածառն» է, – պատասխանում են նրան: – Քրիստոսի մոտ միշտ այս օրը տոնածառ է լինում մանկիկների համար, ովքեր այնտեղ չունեն իրենց տոնածառը… – Եվ իմացավ նա, որ այդ տղաներն ու աղջիկները բոլորն էլ իր նման երեխաներ են եղել, բայց ոմանք սառել են դեռ իրենց զամբյուղների մեջ, որոնցով նրանց նետել են պետերբուրգյան չինովնիկների աստիճաններին՝ դռների մոտ, ոմանք էլ շնչահեղձ են եղել մանկատների ֆիննուհիների մոտ՝ կերակրման ժամանակ, երրորդները մահացել են իրենց մայրերի ցամաքած կրծքին՝ սամարյան սովի ժամանակ], չորրորդներն էլ շնչահեղձ են եղել երրորդ կարգի վագոններում՝ գարշահոտությունից, և բոլորն էլ այստեղ են այժմ, բոլորն էլ աժմ հրեշտակների պես են, բոլորն էլ Քրիստոսի մոտ են, և նա ինքն էլ նրանց մեջ է, և դեպի նրանց է տարածում իր ձեռքերը և օրհնում է նրանց ու նրանց մեղսավոր մայրերին… Իսկ այդ երեխաների մայրերը բոլորն էլ այդտեղ կանգնած են՝ մի կողմ քաշված, և արտասվում են. յուրաքանչյուրը ճանաչում է իր տղային կամ աղջկան, իսկ նրանք թռչում են նրանց մոտ և համբուրում են նրանց, սրբում են նրանց արցունքներն իրենց թաթիկներով և թախանձում նրանց լաց չլինել, որովհետև այստեղ նրանց համար այնքան լավ է…
Իսկ ներքևում առավոտյան դռնապանները գտան վազելուց ուժասպառ և ցախերի հետևում սառած տղայի փոքրիկ դիակը: Փնտրեցին-գտան և նրա մորը… Նա նրանից էլ ավելի շուտ էր մեռել. նրանք տեսնվեցին երկնքում՝ տեր Աստծու մոտ:
Եվ ինչո՞ւ ես հորինեցի այսպիսի պատմություն, որ այսքան չի սազում սովորական խելամիտ օրագրին, այն էլ՝ գրողի: Եվ դեռ խոստացա պատմություններ մեծ մասամբ իրական իրադարձությունների մասին: Բայց ահա բանն էլ հենց այն է՝ ինձ դեռ թվում և աչքիս երևում է, որ այս ամենը կարող էր պատահել իրականում, այսինքն այն, ինչ տեղի էր ունենում նկուղում և ցախերի հետևում, իսկ Քրիստոսի տոնածառի մասին արդեն չգիտեմ էլ՝ ինչ ասել ձեզ՝ կարո՞ղ էր դա պատահել, թե ոչ: Դրա համար էլ ես վիպասան եմ, որ հորինեմ:
Նոյեմբերի 30
Կարդալ Գրիգի պատմվածքները, գրովոր վերլուծել, պատրաստվել քննարկման։
Նոյեմբերի 19
Կարդալ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը, գրել կարծիք, պատրաստվել քննարկամ։
Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք
Նոյեմբերի 12
1․Կարդալ բանաստեղծությունները և համեմատալ։
Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»
Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման…
Մեր Անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,
Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես…:
Մրգաստանի մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ…
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու
Եւ կը մընաս միշտ առոյգ, հին աւիշով կենսայորդ…:
Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,
Արմատներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ,
Զարմանալով թէ ի՛նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան…:
Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,
Հիւթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,
Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցըս վրայ եմ բռներ,
Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա…:
Զահրատ «Մեսրոպաբույր»
Խունկ կը բուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն
Վանք կը բուրեն
Ապաշխարանք կը բուրեն
Ծոմ ու մեծ պահք ու ճգնութիւն կը բուրեն
Աւետարան կը բուրեն
Խաչ ու Նարեկ — աղօթք ու ողբ ու շարական կը բուրեն
Մահ կը բուրեն
Հերոսամարտ ու նահատակ կը բուրեն
Արել ու արտ կը բուրեն
Վարդ ու սոխակ — Սայաթ Նովա ու Կոմիտաս կը բուրեն
Կեանք կը բուրեն
Վերազարթնում ու յաղթանակ կը բուրեն
Ուր որ ըլլան հողմացրիւ ուր որ գաղթեն — վարդապե՛տ Քու տառերդ ազատութիւն կը բուրեն
2․Գրիր էսսե հայերենի մասին։
Նոյեմբերի 9
Կարդում ենք արևմտահայերեն
1․Տեղեկություններ գտնել Վահան Թեքեյանի մասին։
2․Ընտրել մի քանի բանաստեղծություն, կարդալ, ձայնագրել։ Թեքեյանի բանաստեղծությունները սկսվում են 241 էջից։
3․Վերլուծել բանաստեղծությունները, հեղինակի ոճը, լեզուն։
Անծանոթ բառերի համար՝ բառարան։
Հոկտեմբերի 22
Արամ Պաչյան «Թափանցիկ շշեր»
- Ո՞րն է ստեղգածործության թեման/թեմատիկան։
- Ո՞րն է գաղափարը։
- Խոսիր պատմվածքի լեզվի, ոճի մասին։
- Արտահայտիր քո դիրքորոշումը, մտերը թեմայի և նյութի վերաբերյալ։
Actus tragicus / Արամ Պաչյան էսսէ
- Մի էսսե էլ դու գրիր այս նյութի վերաբերյալ։
- Փորձեք կապ գտնել Բախի սիմֆոնիայի և էսսեի միջև։
Հոկտեմբերի 19
. Մեկնաբանիր Խուխե Բուկայի մտքերը:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ
Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
2. Շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:
Հոկտեմբերի 15
Հետազոտական աշխատանք՝
Ներկայացնել Ավետիք Իսահակյանի ստեղծագործության թեմատիկան, ոճը, առանձնահատկությունները։
Հոկտեմբերի 12
Կարդում ենք Իսահակյան
«ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐԸ»
I
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վըրա հյուսքը նրա — ծփծփան,
Հանց նունուֆար լույս-աղբյուրի երեսին:
Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի`
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:
Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
II
Երբ հանգչում են ապարանքի ջահերը,
Եվ արծաթյա կարապի պես լուսնկան
Փայփայում է ավազանի ջրերը,
Շշնջում է սյուգի նման Էլ-Սաման:
Շշնջում է լուսաթաթախ բամբիշի
Ականջն ի վար այնպես քնքուշ, հեզասահ,
Ինչպես լուսնի շողակաթը թավիշի
Այն հոյակապ սյուներն ի վար մարմարյա:
— Բարձր են երկրի ձեղունները, նազելի՛ս,
Բայց իմ սերը բարձրաբարձր է նրանցից.
Խոր են երկրի հիմունքները, նազելի՛ս,
Բայց իմ սերը խորախոր է նրանցից:
Արուսեկը, որ ներկում է ծիրանի
Շրթունքները գառնուկների Տյուրոսի,
Այնքա՛ն կարմիր, այնքա՛ն կարմիր բոց չունի,
Ինչքան որ քո համբույրները սնդուսի:
Կխորտակվի ապարանքըս գեղանի,
Եվ կծածկվի ապարանքի շնչի տակ,
Կբարձրանա անհուն ծովը Սիդոնի
Եվ կգերե անապատը ծագե ծագ,-
Ժամանակը իր վախճանին կհասնի
Եվ արևը մի բուռ մոխիր կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի,
Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ…
Չէացնող համբույրներում դյութական,
Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ,
Թալկանում է և հալչում է Էլ-Սաման…
Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…
Ապարանքի եբենոսյան դռներից
Երազանուշ մուշկ ու կնդրուկ է բուրում.
Մանկլավիկներ ու նաժիշտներ ցնծալից
Նվագում են, ու երգում են, ու պարում…
III
Լռությունը մահվան թևով ծվարած`
Առկայծում է կանթեղն աղոտ, մենավոր,
Եվ մեռնում է հեզ բամբիշը դալկացած
Էլ-Սամանի կրծքի վրա սգավոր:
Նա մեռնում է ինչպես ցողը բողբոջում,
Մանկիկն ինչպես սուրբ գրկի մեջ մայրական.
Եվ հըծծում է, աղոթքի պես շշնջում
Հեգ բամբիշի ականջն ի վար Էլ-Սաման:
-Կըխորտակեմ կամարները երկնային,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս.
Ե՛վ կվանեմ, և՛ կհաղթեմ չար մահին,
Ես չեմ թողնի, ես չեմ թողնի` դու մեռնիս:
Եվ գրկել է դժգունացող բամբիշին,
Մահվան հանդեպ սուր ու վահան է շարժում.
Եվ բամբիշի սառած-մեռած շրթներին
Իր հրեղեն սերն ու շունչը ներարկում:
IV
Լուսիններ են եկել-անցել, ու կրկին
Մեռած բամբշին ամուր գրկած Էլ-Սաման
Շշնջում է ականջն ի վար մեղմագին,
Ինչպես դեղին սյուներն ի վար լուսնկան:
Եվ լքել են ապարանքը սարսափից
Մանկլավիկներն ու նաժիշտներ ոսկեհեր.
Արմավներն են լուռ սոսավում թախծալից,
Եվ մարել են վառ ծաղիկներն ու ջահեր:
Շատրվաններն հեծկլտում են ու լալիս,
Եվ սյունից սյուն սարդը ոստայն է հյուսում.
Անապատի հողն է միայն այց գալիս
Եվ գահի շուրջ կաղկանձում ու փսփսում:
Օձն է սրբում սառն ու փայլուն կողերով
Էլ-Սամանի ոսկորների լուռ փոշին,
Բայց Էլ-Սաման կմախքային ձեռներով
Պիրկ գրկել է նորից հյուծված բամբիշին:
Եվ քայքայուն ականջն ի վար լռելյայն
Մեռած, սառած շրթունքներով Էլ-Սաման
Շշնջում է հավերժաբար ու անձայն,
Ինչպես խարխուլ սյուներն ի վար լուսնկան:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
Որ աշխարհին պատմեն սերը հաղթապանծ.
Էլ-Սամանի սերը` անա՛նց, հավերժո՛ղ,
Քարավաններն ու ճամփորդներն երկյուղած
Հեռուներից հեռուն եկող-գնացող…
27.XI.1914թ.
Բեռլին
1․ Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ Ո՞ր տողերում է այն արտացոլված։
2․Պատկերավորման ի՞նչ միջոցներ են գործածված ստեղծագործության մեջ։ Ցույց տուր օրինակով։
3․Ընտիրիր մի հատված և ձայնագրիր։
Հոկտեմբերի 5
Վանո Սիրադեղյան. «Շատ չհամարվի»
Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։
Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացուն մշակելը, եղբորը սպասեցին։
Ուրեմն, խոզը մորթեցին, կրակին խանձեցին, տաք ու պաղ ջրով շփեցին-քերեցին, կարպետով ծածկեցին հինգ րոպե (մեկն առաջարկեց՝ տասը րոպե) և արին մնացած բաները։
Մայրը երկու օր ոտքի վրա էր։ Հանգստի հնարավորությունը որ չկար, հոգնելու ժամանակ չուներ։ Տավարի միսը կրակին էր, հավերը՝ չաղլիկ, բուլղարական, խաշվում էին գազօջախին, հացի վերջին կողը թոնրի մեջ էր՝ հարսը սպասում էր հանելուն և անձրև եկավ, ձնաշունչ, ձյունի վերաճող անձրև։ Ապրիլին այդպիսի անձրևը աղետ էր։ Ծառերը փարթամ բողբոջով էին, ծառերը՝ մերկ, ծառերը՝ փափկած, գնում էին ամառվան հարս, և նրանց գլխին ձյուն էր մաղվելու։ Սարերում, հաստատ, ձյուն էր եկել, գիշերը ձյուն կգներ բողբոջին, ծաղկին… Գյուղում այդ մի ծառն էր ծաղկել՝ ամուսնու տնկած մի հատ նշենին — այգու ծայրին, գյուղի ծայրին, անջատ, մենակ, սիրուն, և նրա վրա ձնաշունչ անձրև էր գալիս։
Մայրը ոտուձեռ ընկած՝ հրահանգներ էր տալիս, հարսի հրահնգները ինքն էր կատարում, աչքը հորիզոնի բացվելու վրա սառավ և ականջը առավոտից ձայնի էր։ Մեծ որդին բեռնատարով գարեջրի գնաց՝ երևի հասավ Կիրովական, թոռները Ղազախի շուկայից չվերադարձան, աղջիկները գալու էին մեկ, երկու, երեք, չորս գյուղից, օրը մթնում էր, եղանակը՝ փչանում, իսկ միջնեկը չեկավ Երևանից։
Թոռան ընկերները սեղան էին սարքում, թեփ էին շաղ տալիս դրսում ու ներսում, քամին սաստկանում էր, անձրևը փոխվում էր ձյունի և ձիգ պատշգամբը, որ գլխավոր սեղանատունն էր լինելու, բրեզենտով մի կերպ փակեցին։
Դրացի աղջիկները սեղան էին ծածկում, զնգզնգում էր աման ու չաման, նեղվածք էր, աղմկոտ, ուրախ, հյուրերը արդեն հավաքվում էին, կհավաքվեն, այսպես, երկու հարյուր հոգի, իսկ փոքր որդին՝ գրող ու խմող, Սևանից խոստացած ձուկը չբերեց։
Այդ շնորհքը նրան աստված չտվեց։ Ով գնաց քաղաքում տունուտեղ դրեց, աշխատանք ու ապրուստ ունեցավ, իսկ նա դեռ վարձով, տարին՝ մի աշխատանք, տասը տարում միայն այն արավ, որ համալսարան ավարտեց, երկու կին, չորս երեխա ունեցավ… Աստված՝ պահի։ Աստված թող պահի, որովհետև իրենից հույս չկա։ Անբախտ լակոտ դուրս եկավ։ Անբախտ ու սիրուն։ Հոր կտորը։ Քայլելը՝ հերը, կանգնելը՝ հերը, ծխելը, չխոսելը, խոսելը՝ հերը։ Հոր տնկած նշի ծառի նման շատ շուտ կծաղկի ու ամեն ցրտի, ամեն փորձանքի բերանը կընկնի, կմնա մենակ… Պատերազմի հինգ տարիների կարոտի ծնունդ, մոր մի փոր զույգից առաջինը եղավ, քրոջից երեք ժամ շուտ աշխարհ եկավ, ուշ ոտքի կանգնեց, երեք տարեկանում նոր լեզուն բացվեց և ուտելը՝ պատիժ, սովորելը՝ պատիժ, աշխատելը՝ պատիժ, ձեռից մի բան է գալիս՝ գրելը… Գրելով երեխա՞ կպահվի։
Վերջապես եկան։ Բոլորը եկան։ Տասը զավակները, տասնհինգ թոռները՝ քսաներեքից… տասնհինգն՝ այստեղ, երկուսը բանակ, վեցը՝ տնապահ իրենց տներին… Էլի ոչինչ։ Հյուրերը լցվեցին պատշգամբը, կահկարասից ազատված մեծ սենյակը, կանայք տեղավորվեցին վերջին սենյակում ու դեռ գալիս են։ Զինակոչիկի հրաժեշտի խնջույքին հրավեր չկա, տանտիրոջ սրտի չափով են գալիս, իսկ եղանակը (փչանաս, երկինք) էլի մարդու սրտով չգնաց։
Ծիսակարգ չկար, խնջույքն սկսվեց տարերայնորեն: Տարիքավոր տղամարդիկ, որ զբաղեցրել էին գլխավոր սեղանի մեկ երրորդը, սեղանը կենաց ճառերի կարգը քաշելու, չափի բերելու փորձեր արեցին, բայց երգ-նվագից, աղմուկ-ծիծաղից մի անհամբեր լսողության պատառ կորզելու փորձերից հոգնած՝ տեղի տվեցին, և հախուռն, ջահել քեֆը սանձերը թողեց։
Զինակոչիկ թոռան կամքն էր, որ գերդաստանում ընդունված կարգով, առաջին պարը սկսեն տասը զավակներով։ Հետո պարի մեջ պիտի մտնեն պարի ընդունակ բոլոր թոռները (ամեն անգամ թոռներից մեկ-երկուսը պարի համար հասունացած՝ անսպասելի խառնվում են պարողներին), վերջում (որպեսզի շատ չհոգնի), պարի մեջ կքաշեն Մորը։ Եվ ամեն անգամ նա կպարի շիկնած ու շփոթ՝ կարծես հարսի պար պարելիս լինի։
Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…
Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։
Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։
Առաջադրանքներ
Ո՞րն է ստեղծագործության գաղափարը։
Վերլուծիր մոր կերպարը։
Կարդում ենք Վանո Սիրադեղյան
Կարդալ պատմվածքները, վերլուծել (ընտրությամբ)։
Պատմվածքներ՝
- «Շաբաթվա երկրորդ կիրակին»
- «Սիրելու տարիք»
- «Անանձրև հուլիս»
- «Գառ-ախպերիկ»
- «Արածեք ձեր խոտը»
- «Շատ չհամարվի»
- «Ափսոս էր երեխան»
Հոկտեմբերի 1
Վյաչեսլավ Պրախ․ «Բառեր, որ մեզ չեն ասել մեր ծնողները»․ հատված գրքից
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ
(նրան՝ դստերս)
Իմ հեռավոր երկինք, բա՜րև։
Ինչու՞ քեզ այսպես կոչեցի։ Բանն այն է, որ երբ դու վերջապես ձեռքդ վերցնես այս գիրքը, ինձ նայելու ես էջերի ու տառերի միջով, ինչպես Խաղաղ օվկիանոսի ջրերին՝ ինքնաթիռի պատուհանից, ինչպես հարավաֆրիկյան վայրի ցեղերին, ինչպես սև-սպիտակ մի ֆիլմ․․․
Քեզ կթվա, թե ես հինավուրց, դարավոր մեկն եմ և իմ ժամանակներում մարդիկ աշխարհը տեսնում էին սև ու սպիտակ երանգներով։
Ժպտում եմ։
Ժամանակները փոխվում են, համաձայն եմ, բայց մարդկանց զգացմունքները՝ ոչ։
Ես ուզում եմ ասել քեզ, անհա՜ս իմ, որ պետք է փայփայել ամեն մարդու, որ երբևէ մտել է քո կյանք։ Դա շատ կարևոր է, հավատա՛ ինձ։ Չես սիրում, ատում ես, արհամարհում ես ողջ հոգով, ուրեմն ուղղակի բա՛ց թող։ Մի՛ խփիր, մի՛ սպանիր, մարդուն վատը մի՛ ցանկացիր՝ անիծելով։ Ուղղակի բա՛ց թող, ուղղակի մոռացի՛ր։
Այս կյանքում քեզ ի վերջո կվերադառնա բումերնագի պես ամեն բան, բարձրում սավառնող իմ, ուզես թե չուզես։ Գիտես դա, թե ոչ։ Ցավում եմ, բայց այդպես է լինելու։
Ես մի առիթով համոզվեցի, որ իմ կյանքին առնչված ամեն մարդ՝ լավ կամ վատ, գեղեցիկ կամ ոչ այնքան, հարուստ թե աղքատ, իմ ուղեկիցն է ժամանակի որոշակի ընթացքի համար։ Սա «կյանք» անունով գլուխկոտրուկի մի մասնիկն է։ Շատ դժվար է ցավ չպատճառել, երբ այնպես մեծ է ցանկությունը։Ծայրահեղ դժվար է երբեմն քո մեջ գտնել մարդուն։
Ես կոչ չեմ անում ձախ այտը դեմ տալ, երբ կապտակեն աջ այտիդ, տվյալ դեպքում ես խորհուրդ եմ տալիս առանց հապաղելու ջարդել քիթը։ Ես կոչ եմ անում ցավ չպատճառել այն անվնաս, անպաշտպան էակներին, որոնք մի օր կտեսնեն քո մեջ միմիայն ամենահիասքանչը, բոլոր արժանիքներդ։ Այն բարի մարդկանց, որոնք կուրորեն սիրահարված կլինեն քեզ։
Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ, փոքրի՜կս, անգամ եթե քո տարերքը կրակն է, իսկ նրանցը՝ օդը կամ ջուրը։ Չես սիրում, ատում ես, քանի որ հիասթափվել ես մարդուց, ուղղակի բաց թող նրան։ Ասա, որ չես կարողանա, որ չես թելադրի, որ այլևս անհնար է հարություն տալ․․․ Ասա այնպես, ինչպես որ կա։ Բայց մի՛ ծեծիր օրեր շարունակ, մի՛ արա նրան այն, ինչ որ չէիր ցանկանա ինքդ քեզ։
Մայրդ ինձ հաճախ էր ասում ճոճանակի մասին․ որքան երկար, տևական է այն ճոճվում, այնքան ուժեղ է լինելու հաջորդած հարվածը։
Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին
(նրան՝ որդուս)
Եզակի տաղանդ է տված խոստումը պահելը։ Այս վեհ կարողությունը չի ծնվում մարդու հետ, գենետիկորեն չի փոխանցվում և չի առաջանում տարիքի հետ։ Այն կարելի է միայն դաստիարակել ինքդ քո մեջ։ Ընտելացնել ինքդ քեզ՝ ապրել քո կողմից ասված բառի շուրջ։
Ամոթալի չէ ասել «ոչ», «չի ստացվում», «չեմ կարող», բայց ահա եթե մարդուն ինչ-որ բան ես խոստացել ու չես պահել խոստումդ, ուրեմն թուլություն ես ցուցաբերել։ Չպահած խոստումը առաջին հերթին թուլության նշան է, կամքի բացակայության, անպատասխանատվության։
Մարդիկ իրենց բնույթով չեն սիրում անպատասխանատու էակներին և գրեթե միշտ լուրջ չեն ընդունում այդպիսիներին։ Ուղղակի ինչ-որ մի պահի նրանք կդադարեն քեզ հետ շփվել, կխզեն բոլոր կապերը։
Խոստումը պահելն արարք է։ Արարքը՝ արդյունքն է մարդկային ջանքերի, որոնք ուղղված են որոշակի գործողությունների, նույնսիկ եթե մարդը բնավ չի ուզում գործել։ Իսկ ասել և չանել․ սա արդեն հարմարվողականություն է, պլանկտոնին բնորոշ հատկությունների արտահայտություն։ Անկեղծ լինեմ, եթե հստակ գիտես, որ չես անելու, ավելի լավ է պատասխանիր,որ չես կարող, հակառակ դեպքում քեզնից կհիասթափվեն և կսկսեն վերաբերվել լրիվ այլ կերպ։
Գիտե՞ս՝ ինչու են տղամարդկանց միջավայրում շատ գնահատում խոսքին հավատարիմ մարդկանց։ Որովհետև այդպիսով կարելի է հայտնաբերել տղամարդու ոգին կամ էլ բնավ չհայտնաբերել այն։ Կալանավայրերում խոստումը չպահող մարդանց կոչում են «իր իսկ խոսքի պոռնիկ», իսկ մեր աշխարհում՝ պարզապես դատարկախոս։
Հաճախ մենք տարիներ շարունակ գդալ-գդալ հավաքում ենք մեր հանդեպ հարգանքը, և մի սխալ արարքի պատճառով այն դեն նետում դույլերով։
Բառը, որդիս, ուղղակի ձայն չէ։ Խոստումը քո վերաբերմունքն է մարդուն, ում դու այն խոստացել ես։ Խոստումը քո ուժի գոյության կամ դրա բացակայության ցուցիչն է։ Խոստումը քո ոգին է, կամ էլ ուղղակի գոլորշի է քո բերանից։
Միլիոն տոկոսով համոզված եմ այն ամենում, ինչ գրում եմ հիմա․ կատարածդ խոստումներով են դատելու քո մասին։
Թարգմանությունը՝ Մարինա Գևորգյանի
Սեպտեմբերի 28
Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան
Կարդալ Հովհաննես Գրիգորյանի «աշնանային» բանաստեղծությունները, քննարկել, պատրաստել ռադիոնյութ։
Լրացուցիչ ընթերցանություն՝ ուրբաթ օրվա քննարկաման համար։
Կարդալ հետևյալ պատմվածքները, գրել համեմատական վերլուծություն։
Սեպտեմբերի 24
Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան։
Կարդալ բանաստեղծությունները, քննարկել, գրել վերլուծություն։
Սեպտեմբերի 17
Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան։
Կարդալ Հովհաննես Գրիգորյանի ժողովածուներից բանաստեղծություններ․
- Բնութագրել Հովհաննիսյանի գրական ոճը։
- Ընտրել որևէ բանաստեղծություն/ներ, ձայնագրել, տեղադրել բլոգում։
- Կարծիք հայտնել բանաստեղծության վերաբերյալ։
- Ի՞նչ է «սպիտակ կամ անհանգ բանաստեղծությունը»։ Քեզ դո՞ւր է գալիս այդ ոճը։
Սեպտեմբերի 14
Քննարկում գրքի շուրջ
Դերենիկ Դեմիրճյան «Գիրք ծաղկանց»