Ապրիլի 17
«Շունն ու սրվակը» Գիյոմ Ապոլիներ
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա՜հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Առաջադրանքներ
Ա. Դո՛ւրս գրեք քնարական հերոսի արած ընդհանրացումը: Ո՞րն է նրա փոխաբերական իմաստը:
Բ. Համաձա՞յն եք հեղինակի ասելիքի հետ: Հիմնավորե՛ք:
Ապրիլի 3
Կարդա բանաստեղծությունը:
«Ավելի վատ» Ժակ Պրևեր
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:
- Այս բանաստեղծությունը վանկակա՞ն, թե՞ սպիտակ բանաստեղծություն է: (Օգտվիր գրականագիտական բառարանից): Պատասխանդ հիմնավորիր:
- Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
- Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Մարտի 23
Երկիր Նաիրի: Եղ. Չարենց (հատված)
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք: Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը -աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարևոր չէ, որովհետև խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երևի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի և նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող… Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն — մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս -և, որպես այդպիսին, նոր է և միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արևելյան գյուղում:
Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչև օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում:
Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,- բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից կամ երկնքից ընկած քարե մի հրաշք-կանգնած կա, երևակայո՞ւմ եք… հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն… Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում -նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ -եվրոպացիք… Ա՛յ»: Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ— փոքրիկ քառակուսի պատուհաններին: «Դեռ մենք շատ ենք հետամնաց», — ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն-և նա, իհարկե, ունի իրավունք.- պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը և, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.- գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը -և չի կարող տանել ոչ մի հնություն: Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում և բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան:
Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը: Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե -առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ -հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում: Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել — թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,— Վարդանի կամուրջը կամ վերջապես -Առաքելոց եկեղեցին… Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,- ո՞րը թվեմ:- Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք հատվածներ, որտեղից երևում է որ.
- քաղաքը հին է,
- քաղաքը եվրոպական չէ,
- գավառական հետամնաց քաղաք է
- քաղաքը նաև կարելի է նոր համարել,
- քաղաքն ունի հրաշալիքներ։
Բ) Բնութագրե՛ք Մարուքե Դրաստամատյանին։ Ցո՛ւյց տվեք հեղինակի վերաբերմունքն այս հերոսի նկատմամբ։
Մարտի 20
Խոհանոցի ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ
Նրանք դեռ հեռվից նշմարեցին մոտեցող կերպարանքը, քանի որ վերջինս աչքի էր ընկնում: Նա ծեր էր թվում, բայց երբ մոտեցավ, նկատեցին, որ հազիվ քսան տարեկան կլիներ: Ծերունու դեմքով այդ երիտասարդը նստեց նրանց մոտ՝ նստարանին, ապա կողքիններին ցույց տվեց այն, ինչ իր ձեռքում էր:
-Սա մեր խոհանոցի ժամացույցն էր,-ասաց նա, և բոլորը, որ նստարանին՝ արևի տակ, նստած էին, հայացքով հերթով զննեցին այն,- գտել եմ: Սա է միայն մնացել:
Երիտասարդը, որ ծերունու նման էր, ձեռքին պահել էր խոհանոցի ժամացույցի սպիտակ շրջանակը և մատներով շոշափում էր կապույտ ներկված թվերը:
— Այն այլևս ոչ մի արժեք չունի,- շարունակեց նա հանդարտորեն,- ես դա գիտեմ: Այն նաև առանձնապես գեղեցիկ չէ: Հիմա սովորական ափսեի նման է՝ պարզապես սպիտակ լաքով պատված: Բայց ես կարծում եմ, որ կապույտ թվերը բավական գեղեցիկ տեսք ունեն: Սլաքները, իհարկե, զուտ թիթեղյա են, սակայն այլևս չեն շարժվում: Ներսում ջարդված է, դա անկասկած է: Բայց տեսքը առաջվա նման է, նույնիսկ եթե հիմա այլևս չի աշխատում:
Նա մատների ծայրով մի զգույշ շրջան արեց ժամացույցի շրջանակի երկայնքով: Ապա կրկին ասաց կամացուկ.
— Միայն սա է մնացել:
Նրանք, որ նստարանին՝ արևի տակ էին նստած, հայացքները չբարձրացրին: Նրանցից մեկը՝ մի տղամարդ, աչքը գցեց իր կոշիկներին, ապա՝ կողքի մանկասայլակով կնոջը: Քիչ անց մեկ ուրիշն ասաց.
— Դուք հավանաբար ամեն բան կորցրել եք:
— Հա՛, հա՛,- պատասխանեց երիտասարդը այնպես, կարծես հենց այդ հարցին էր սպասում,- պատկերացրե՛ք, ամեն ինչ: Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել,- և կրկին ձեռքն առավ ժամացույցը, քանի դեռ մյուսներին այն ծանոթ չէր թվացել:
— Բայց այն այլևս չի աշխատում,- ասաց կինը:
-Չէ՛, չէ՛, դա ճիշտ չէ: Այն պարզապես կոտրված է: Ես դա հաստատ գիտեմ, բայց այն ամբողջովին առաջվա նման է՝ սպիտակ ու կապույտ,- և նա նորից հայացքով ցույց տվեց ժամացույցը:- Իսկ գիտեք՝ ի՞նչն է ամենահետաքրքիրը,-շարունակեց նա ոգևորությամբ,- ես այդ մասին ձեզ դեռ ոչինչ չեմ պատմել: Ամենահետաքրքիրը դեռևս առջևում է. պատկերացնո՞ւմ եք, երկուսն անց կեսի վրա է այն կանգ առել: Ուղիղ երկուսն անց կեսի վրա, պատկերացնո՞ւմ եք:
— Հետևաբար ձեր տունը, անկասկած, երկուսն անց կեսին է փլվել,-ասաց տղամարդը և մի ինքնագոհ շարժումով ստորին շրթունքը առաջ քաշեց:-Ես շատ եմ լսել, որ երբ ռումբ է ընկնում, ժամացույցները կանգ են առնում: Դա ճնշման հետևանք է:
Երիտասարդը հայացքը հառեց ժամացույցին և մտածկոտ շարժեց գլուխը.
-Ո՛չ, սիրելի՛ պարոն, ո՛չ: Դուք սխալվում եք: Դա ռումբի հետ որևէ կապ չունի: Դուք չպետք է ամենը ռումբի հետ կապեք: Ո՜չ: Երկուսն անց կեսին մի բոլորովին այլ բան էլ է եղել, որի մասին դուք դեռ չգիտեք: Դա պարզապես հետաքրքիր զուգադիպություն է, որ այն ուղիղ երկուսն անց կեսին է կանգ առել, ոչ թե ասենք չորսին կամ յոթին մեկ քառորդ պակաս: Ես միշտ տուն էի վերադառնում երկուսն անց կեսին: Գիշերները: Համարյա միշտ երկուսն անց կեսին: Դա պարզապես զուգադիպություն է,-նա նայեց մյուսներին, բայց թվում էր՝ իր աչքերը այլևս իրեն չեն պատկանում,-ես, իհարկե, քաղցած էի լինում: Տուն հասնելուն պես անմիջապես խոհանոց էի մտնում: Դա սովորաբար տեղի էր ունենում երկուսն անց կեսին մոտ: Իսկ քիչ անց մայրս էր գալիս: Ես ինչքան էլ փորձում էի դուռը կամաց բացել, նա միշտ լսում էր: Եվ մինչդեռ ես մութ խոհանոցում ուտելու բան էի փնտրում, նա վառում էր լույսը: Նա սովորաբար իր բրդյա ժակետով և կարմիր շալով էր լինում: Եվ բոբիկ: Միշտ բոբիկ (այդ ժամանակ մեր խոհանոցը սալիկապատ էր): Նա աչքերը կկոցում էր, որովհետև լույսը նրա աչքերին ուժեղ էր թվում: Չէ՞ որ գիշերվա այդ ժամին նա պետք է արդեն քնած լիներ: «Կրկին այսքա՜ն ուշ»,-միշտ ասում էր նա: Այլևս ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Ապա նա ինձ համար տաք ընթրիք էր պատրաստում և նայում, թե ինչպես եմ ուտում: Այդ ժամանակ նա անդադար ոտքերը իրար էր շփում, քանի որ սալիկները շատ սառն էին: Գիշերվա ժամերին հողաթափեր չէր հագնում: Երկար մնում էր ինձ մոտ նստած, այնքան երկար, մինչև վերջացնում էի ուտելը: Ապա ես լսում էի՝ ինչպես է նա ափսեները իրար վրա դարսում, երբ իմ սենյակում արդեն լույսը անջատած էի լինում: Ամեն գիշեր հենց այդպես էր լինում: Եվ հիմնականում` երկուսն անց կեսին: Ես կարծում եմ՝ ամբողջովին հասկանալի է, որ նա գիշերը՝ երկուսն անց կեսին, խոհանոցում ինձ համար ուտելու բան էր պատրաստում: Ինձ համար դա սովորական էր: Նա միշտ այդպես էր անում: Եվ ոչինչ չէր ասում: Միայն՝ «կրկին այսքա՜ն ուշ»: Նա ամեն անգամ այդպես էր ասում: Ես չեմ կարող դա այլևս չլսել: Այն ինձ համար այնքան սովորական է դարձել: Ամբողջը միշտ հենց այդպես էլ եղել է:
Նստարանին նստածները լուռ հոգոց հանեցին: Ապա տղամարդը ցածրաձայն հարցրեց.
-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
Նստարանին նստածները լուռ էին: Ապա կինը հարցրեց.
-Իսկ ձեր ընտանի՞քը:
Նա ծիծաղեց շփոթված.
-Ա՜խ, Դուք նկատի ունեք ծնողների՞ս: Հա՜: Նրանք էլ են կորած: Ամեն ինչ կորած է: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ: Ամեեեն իիինչ կորաաած է:
Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց: Ծիծաղեց.
-Միայն սա է ինձ մոտ: Սա է մնացել: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն ճիշտ երկուսն անց կեսին է կանգ առել: Ճիշտ երկո՛ւսն ա՛նց կեսի՜ն:
Այլևս նա ոչինչ չասաց: Բայց հիմա ավելի էր նմանվել ծերունու: Իսկ կողքին նստած տղամարդը հայացքը գցեց իր կոշիկներին, բայց չնկատեց դրանք. շարունակ դրախտ բառի մասին էր մտածում:
Առաջադրանքներ
Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։
-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր:
Մարտի 9
Ընտրել Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքից որևէ բանաստեղծություն, վերլուծել, սովորել անգիր, ձայնագրել։
Մարտի 7
Աշխարհն ու բանաստեղծը։ Ջուբրան Խալիլ Ջուբրան
Օձն ասաց կարմրակատարին.
– Ի՜նչ կա ավելի գեղեցիկ, քան քո թռիչքը, ո՜վ կարմրակատար, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու կարողանայիր սողոսկել թռչնաբներն ու հողի մեջ թաղված որջերը, ուր կյանքի ճնշումը խտանում է լռության ու անդորրի մեջ:
– Աստված է վկա, որ դու խորաթափանց իմացության շտեմարան ես և ամենաիմաստունը բոլոր արարածներից, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու թռչեիր,- պատասխանեց կարմրակատարը:
Ձևացնելով, թե ոչինչ չի լսել` օձը շարունակեց.
– Խեղճ կարմրակատար, ինձ նման դու չես կարող տեսնել խորությունների գաղտնիքները, ոչ էլ կարող ես սողոսկել թաքնված թագավորությունների ամբարները: Ինչ վերաբերում է ինձ, ապա քեզնից չեմ թաքցնի. երեկ թաքնվել էի սուտակե անձավներից մեկում, որը նմանեցրի հասուն նռան բոսորագույն սրտին, որին լույսի ամենանվազ շողն անգամ վերածում էր հրե վարդի: Այս աշխարհում ո՞վ կարող է ինձ նման հավասար տեսնել այս հրաշքները:
-Ճշմարիտ դատեցիր, ով իմաստուն, իսկապես քեզանից բացի որևէ մեկը չի կարող քնել դարերի հետքերի ու դարաշրջանների հիշողությունների բյուրեղներին, սակայն, ցավում եմ, դու չես երգում,- պատասխանեց կարմրակատարը:
– Ես մի բույս գիտեմ, որի արմատները ձգվում են մինչև երկրի ընդերքը, և յուրաքանչյուր-ոք, ով ուտում է այդ արմատներից, դառնում է Աշթրութից առավել գեղեցիկ:
-Ոչ-ոք, ոչ-ոք, քեզանից բացի չի կարող կախարդական երկրի մտքի դիմակը հանել, սակայն, ցավում եմ, դու չես թռչում:
– Գիտեմ ծիրանագույն մի առվակ, որն անցնում է հզոր լեռան տակով, ու յուրաքնաչյուր-ոք, ով խմում է այդ առվակից, դառնում է հավերժ` աստվածային անմահությամբ: Ոչ-ոք, ոչ մի թռչուն կամ կենդանի, ինձնից բացի այդ առվակը չի գտնի:
– Աստված վկա, որ աստվածների նման անմահ կլինես, եթե կամենաս, սակայն, ցավում եմ դու չես երգում:
– Գիտեմ երկրակեղևի տակ թաղված մի տաճար, որի ճանապարհը չի գտնի որևէ հնագետ կամ հետազոտող, ամսվա մեջ բազում անգամ եմ այցելում այնտեղ. այն անցած ժամանակների հսկա շենքերից է, որի պատերին նկարված են բոլոր ժամանակների ու գոյերի գաղտնիքները, ու յուրաքանչյուր-ոք, ով կարդա ու հասկանա, ապա կհասնի աստվածությանն իր մտքով ու իմացությամբ:
– Ով սիրելի իմաստուն, դու, միայն դու, եթե կամենաս, մարմնիդ նրբությամբ կարող ես սողոսկել բոլոր սերունդների գիտությունների մեջ, սակայն, ցավում եմ, դու չես կարող թռչել:
Այդժամ, վրդովված իրենց զրույցից, օձն իր բույնը վերադարձավ` ինքն իրեն քրթմնջալով.
– Աստված ազատի դատարկագլուխ դայլայլողից:
Իսկ կարմրակատարը թռավ` բարձրաձայն ճռվողելով.
– Ցավում եմ, որ դու չես երգում, ցավում եմ, ցավում եմ իմ իմաստուն, որ դու չես թռչում:
Առաջադրանքներ
Ա. Կարդացե՛ք հակադրությունները։ Ի՞նչ են դրանք տալիս ստեղծագործությանը։
Բ. Հիմնավորե՛ք ստեղծագործության վերնագիրը։ Ինչո՞վ է այն կապվում գաղափարի հետ։
Մարտի 3
Ֆրանսուա դը Լառոշֆուկո. մաքսիմներ
Ընտրեք որևէ մաքսիմ և գրեք վերլուծություն-շարադրություն։
Մարտի 2
Երկնքի դարպասների մոտ։ Խորխե Բուկայ
Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավաքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց- կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…
Առաջադրանքներ
Ա․ Ընտրե՛ք ճիշտ պատասխանը։ Ըստ ստեղծագործության՝ Սուրբ մարդը ողջ կյանում հետևել էր պատվիրաններին, որովհետև․
- ինքը դա էր ճիշտ համարում
- այլ կերպ չէր կարող ապրել, որովհետև ազնիվ էր
- այդպիսի կյանը նրան հաճույք էր պատճառում
- չէր ուզի պատվիրաններով ապրել, բայց ուզում էր դրախտ ընկնել
Բ․Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը, հեղինակի
ասլիքը։
Փետրվարի 23
«Անկեղծ չենք», կարդալ, վերլուծել։
Փետրվարի 22
Ընտրել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, սովորել, ձայնագրել։
Փետրվարի 17
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն Արտեմիսին ներբողում նրա շնոր-ներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար որի նմանը չի եղել աշխար-ում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագե- տաճարի շինարարությունը։ Կառույցը ա-շեցնում էր շքեղությամբ շրջապատված էր բարձրաքանդակ մույ-երով ժան-կազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով հակինթով սուտակով շափյուղայով իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին որոնք շողար-ակում էին նաև ականակի- խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում տեսնելու հրաշակերտ շինությունը ապշելու մարդկային հանճարով ամենաստեղծ ու խորաթափանց։
Փետրվարի 16
Թարգմանել առակներից մեկը(ռուսերեն)։ Անգլերեն առակներ։
Փետրվարի 15
Կարդացեք Հովհաննես Թումանյանի պոեմներից մեկը և կազմեք բացատրական բառարան։
Փետրվարի 9
Հետազոտական աշխատանք
Հայերենը՝ մտածողության ձև, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին։
Փետրվարի 8
«Ուլտարի կատուները», կարդալ պատմվածքը, գրել վերլուծություն։
Ներկայացնել կատվի սիմվոլիկան տարբեր մշակույթներում։
Դեկտեմբերի 14
Վահան Տերյանի բանաստեղծություններից դուրս գրել անձնավորման օրինակներ, բանաստեղծություններից մեկը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐԻ ՌԱԴԻՈԵԼՈՒՅԹԸ
_Սիրելի ազգակիցներ, ____Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ: ____Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: ____Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք: ____Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից: ____Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի: ____Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան: ____Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի: ____Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը… ____Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո. ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, Իբրև պատասխան նրանց կարիքի. Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին, — Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստըդ բարի՜: Արի՜, Նո՛ր Տարի, Բայց… այնպե՛ս արի, Որ ատոմական այս ահեղ դարի Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, Եվ նրա անտես սլաքները զույգ Իրենց վիրավոր թևաթափությամբ Ոչ թե մեզ կրկին Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին Մեր զույգ աչքերի հայացքը տանեն… Արի՜, Նո՛ր Տարի, Բայց… այնպե՛ս արի, Որ ավելանա աշխարհի բարին, Եվ այդ աշխարհի բախտի վրայով Խևորեն ձգված մետաղալարին Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝ Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ… Ձյունն է վար իջնում Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ: Իսկ ուրիշ մի տեղ Անձրևն է կրկին Երկինք ու երկիր մեկմեկու հինում, Կարծես թե հսկա տավիղ է շինում, Որի հոսանուտ լարերի վրա Իրիկնամուտի տավղահար քամին Մրսած մատներով Պիտի նվագի հինավուրց տաղեր՝ Ի վերա սիրո, Վասն խնդության, Վասն մարդկային ոգու խենթության: Անձրևի տեսքով, Ձյան կերպարանքով Այդ դու ես գալիս: Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜: Բայց… այնպե՛ս արի, Որ անձրևը հորդ սրբելով տանի Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, Այլ նաև փոշին ու մուրը հոգու, Այլև խավար խոհ ու խարդախ խոկում, Եվ ձյունը իջնի որոգայթների՛, Ծանըր ամոթից շիկնած այտերի՛, Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի… Արի՜, Նո՛ր Տարի, Բայց այսպե՛ս արի, Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ Դառնա վարակի սավան ու վերմակ, Եվ որ անձրևի ջուրն աստվածային Մարդու արյունը ջրի վերածի, Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ Նոր հիվանդության դիվային անուն, Որից մինչև իսկ մահն է մահանում… Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜: Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով Ուշ մնացածին, Քնով տարվածին. Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում. Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, Մանկանը՝ մեծի մտքի լիացում, Մեծին՝ մանուկի անարատություն, Տափարակներին՝ Արարատություն, Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, Որ նրա վրա Քաղցը այսուհետ Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած Տրվի ճախրանքի, Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, Ո՛չ մի ազգ ու ցեղ Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ, — Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար. Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար: Նաև հասկանա՛նք, Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր… 05.I.1963թ. Երևան Կարդալ, վերլուծել, ձայնագրել։ |
Դեկտեմբերի 8
Գորտը։ Ռ․ Ագուտագավա
Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են
կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից
մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենքգորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում: Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար
գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա
պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ
ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համարգորտերիս: Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր… Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է: — Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ: Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում
մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ
համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր: Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:
Առաջադրանքներ
Ա․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
Բ․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:
Նոյեմբերի 30
Ընտրել հետևյալ թեմաներից որևէ մեկը, կատարել հետազոտական աշխատանք։
- Психология азарта
- мотивации в жизни людей
- Ревность и любовь
- Проблемы самореализации
- Как научится контролировать свои эмоции?
- Как побороть лень?
- Пути достижения уверенности в себе.
- Влияние мотивации на достижение успеха.
- Виды самореализации.
- Как понять, принять и полюбить себя?
- Борьба с негативным влиянием общества.
- Особенности алкогольной зависимости. Взаимосвязь со стрессом.
- Интернет-зависимость. Методы борьбы.
- Исследование причин появления стресса и методов борьбы с ним.
- Изучение молодежного сленга, как формы самоутверждения.
- Исследование процесса оценки людей друг другом. Наука о красоте.
- Исследование трудностей в межличностном общении.
- О чем говорит почерк?
- Статус учителя глазами современных студентов.
- Одиночество — норма?
- Проблемы самооценки.
Նոյեմբերի 25
«Կյանքը իրական է, քանի դեռ կամ»
Կարդալ, վերլուծել։
Նոյեմբերի 23
Վերլուծել Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հետևյալ հատվածները:
- «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
- – Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում…
- Ես վախենում էի, թե նա կհոգնի:
– Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
– Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ…
Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր:
Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:
Նոյեմբերի 17
«Ծառերը» Հերման Հեսսե
Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։
Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։
Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։
Առաջադրանքներ
Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների փոխաբերական իմաստը․
- ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
- Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
- Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
Հոկտեմբերի 19
«Բոլորովին ուրիշ աշուն»
Ներկայացնել փաթեթ հետևյալ առաջադրանքներով։
Աշխատանքի ներկայացման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 31։
- Գտի՛ր աշուն բառի ծագումնաբանությունը, ստուգաբանորեն ներկայացրու։
- Գտի՛ր դարձվածքներ, ասացվածքներ աշուն բառով։
- Կատարի՛ր ուսումնասիրություն՝ «Աշունը գարկանության մեջ» վերնագրով։
- Կատարի՛ր ուսումնասիրություն՝ «Աշունը արվեստի մեջ» վերնագրով։
- Ստեղծագործական աշխատանք` աշնանային տրամադրությամբ։
- Գտի՛ր որևէ բանաստեղծություն աշնան մասին և փորձիր թարգմանել՝ պահպանելով հեղինակի լեզուն։
Հոկտեմբերի 13
1․ Գրականագիտական բառարանից դուրս գրել 5 տերմին, սովորել։
2․ Ընտրել որևէ տերմինին համապատասխան ստեղծագործություն, տեղադրել բլոգում, վերլուծել։
Սեպտեմբերի 22
Հետազոտական աշխատանք՝
Համացանցում փնտրել Վահագն Դավթյանի՝ հայրենիքի մասին բանաստեղծություններ, ուսումնասիրել, ընտրել մի քանիսը, ձայնագրել, տեղադրել բլոգում և պատճառաբանել ընտրությունը՝ վերլուծելով։
Ձեր նախընտրությամբ որևէ մեկը սովորե՛ք անգիր։
Սեպտեմբերի 15
«Պայքար առանց կատաղության» Օշո
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության:
Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի
պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ:
Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:
Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Առաջադրանքներ
Ա․ Քննարկե՛ք հետևյալ հատվածները.
Պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:
Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը։
Սեպտեմբերի 14
Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես
Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր
աշխարհի քարտեզի պատկերով. այն
է, ինչ անհրաժեշտ էր: Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին
հանձնեց որդունասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր
քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին
համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
Առաջադրանքներ
Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։
Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։
Գ․ Ինչպե՞ս դու կառաջարկես նորոգել աշխարհը։ Շարադրիր մտքերդ գրավոր։
Լրացուցիչ աշխատանք՝ ուսումնական թարգմանություն՝ սովորողի ընտրությամբ։